Բոլոր այն ոլորտները, որտեղ առկա են հայկական և ադրբեջանական շահեր, կարող են կրել  սահմանային լարվածության հետևանքները,  առաջին հերթին, տնտեսական ոլորտում․ Արման Սաղաթելյան

22:59 • 18.07.20

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  Սամվել Կարապետյանի` Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին  անվճար տարածք տրամադրելուն։ Նա մասնավորապես գրել է

«Սամվել Կարապետյանն այսօր իրականում սկիզբ դրեց Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը հետտաուշյան մուլտիպլիկացիայի հարթակներում: Սպասելի էր, որ հայ֊ադրբեջանական սահմանային լարվածության ալիքը կարող է տեղափոխվել այլ հարթություններ։

Բոլոր այն ոլորտները, որտեղ առկա են հայկական և ադրբեջանական շահեր, կարող են կրել դրա հետևանքները` առաջին հերթին տնտեսական ոլորտում։

Այս պարագայում չափազանց կարևոր է, որ բոլոր այն դիրքերը, որոնք ունի հայությունը, այն ներկայացվածությունը, որ առկա է տարբեր ոլորտներում, շարունակի պահպանել իր ամրությունը և ազդեցությունը։ Գործընթացն այսօր սկսվեց Մոսկվայում:

Օպերատիվ կերպով ենթակառուցվածքային ու կազմակերպչական բնույթի լուծում տրվեց խնդրին, ռուսաստանահայությունն էլ սատար կանգնեց իր անձնական մասնակցությամբ։

Լավ օրինակը նաև վարակիչ եղավ. արդեն եղան նորերը: Սա է ճանապարհը»:

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ այսօրվանից անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:

Նշենք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր: Մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չէին կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: