ՌԴ ՊՆ-ն հերքել է մարտունակության ստուգմանն ուղղված հանկարծակի զորավարժությունների և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության միջև կապը
ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը կտրականապես հերքել է կապը ՌԴ ԶՈւ մարտական պատրաստականության հարցով իրականացվող միջոցառումների և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման միջև: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական գերատեսչության հաղորդագրությանը:
Հուլիսի 17-ից հանկարծակի ստուգումներ են սկսվել ռուսական զորքերում, այդ թվում՝ Արևմտյան ուժերի և Հարավային ռազմական շրջանների, միավորված օդադեսանտային զորքերի, ինչպես նաև Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Բալթյան, Սևծովյան և Կասպյան նավատորմերի ծովային ուժերի ստորաբաժանումների կազմում: Ինչպես Ֆոմինն ընդգծել է, ՌԴ ՊՆ-ն արտասահմանցի գործընկերներին տեղեկացրել է մարտունակության ստուգմանն ուղղված միջոցառումների նպատակների և առաջադրանքների մասին:
Փոխնախարարը հայտնել է, որ «զորքերը բերվել են մարտունակության բարձրագույն աստիճանի և պատրաստվում են ուսումնամարտական առաջադրանքների կատարմանը»: Նրա խոսքով՝ զորավարժանքները կատարվում են 35 ցամաքային ռազմադաշտերում, ինչպես նաև 17՝ ծովային: Ընդհանուր առմամբ, ստուգումներին ներգրավված են 150 000 զինվորական, մոտ 400 թռչող սարքեր, սպառազինման ավելի քան 26 հազար միավոր, մոտ 100 նավ:










