Ադրբեջանական իշխանությունները փորձում էին շեղել իրենց հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից, սակայն նրանց բոլոր հաշվարկները սխալ դուրս եկան և մեծ կորուստներ կրեցին. Արմենուհի Կյուրեղյան
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի, նրանց կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:
- Տիկի'ն Կյուրեղյան, ինչպես հայտի է, հուլիսի 12-ից սկսած` մի քանի օր Ադրբեջանը սադրանքի դիմեց հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանը ու ինչու սադրանքի գնաց սահմանին:
-Հերթական անգամ Ադրբեջանը ոտնձգություն իրականացրեց ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ ամենն անսպասելի չէր, եթե հիշենք ադրբեջանական իշխանությունների ամենաբարձր մակարդակով արված տարբեր հայտարարություններ, ընդհուպ Երևանի մասին, տարբեր զորավարժություններ հենց Հայաստանի սահմանին մոտ: Բացի այդ, իրենց կարճ խելքով նրանք հաշվարկել էին, թե Հայաստանի սահմանների վրա հարձակումը հաջողություն կբերի, երևի ենթադրելով, թե մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացրած կլինենք Արցախի պաշտպանության շուրջ և Հայաստանի սահմաններին լուրջ ուշադրություն չէինք դարձնի:
Սրանով, իհարկե, ադրբեջանական իշխանությունները փորձում էին նաև շեղել իրենց հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից: Սակայն, ուրախությամբ և հպարտությամբ պետք է նշեմ, որ ադրբեջանական իշխանությունների բոլոր հաշվարկները սխալ դուրս եկան և մինչև օրս եղած փաստերով նրանք կրել են մեծ կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական և թե՛ դիրքային:
- Եթե ասում ենք ներքին խնդիրների համար է արվել, Դուք էլ նշեցիք, որ փաստացի Ադրբեջանը պարտվում է, գեներալ կորցրեց, այդ կերպ ինչպե՞ս պետք է ներքին խնդիրներ կարգավորի, էլ ավելի չխորացրե՞ց խնդիրները:
- Այդպես էլ պետք է լիներ: Այդպիսին է ցանկացած պոպուլիստական իշխանության պոպուլիստական քայլերի արդյունքը: Նրանք այդպես էլ չեն հասկանում, որ մենք մեր երկիրը, մեր հողն ենք պաշտպանում, լինի դա Արցախում, Տավուշի կամ մեկ այլ մարզում, և մենք ամեն ինչ կանենք մեր տունը պաշտպանելու համար: Նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հայ զինվորը հերոս է և նրան հաղթել չի լինի: Նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հայը հանուն հայրենիքի միշտ էլ ամեն ներքին տարաձայնություն մի կողմ կդնի, ազգովի կհամախմբվի և ցանկացած թշնամու դուրս կշպրտի մեր հողերից:
- Ադրբեջանն անցավ կարմիր գծեր և կրակ բացեց խաղաղ բնակչության վրա, քաղաքացիական անձ է վիրավորվել, Ձեր գնահատականները` այս մասով: Միջազգային արձագանքի մասին ի՞նչ կասեք:
-Առայժմ իհարկե, միջազգային տարբեր կառույցների և երկրների արձագանքները բավարար չեն: Սակայն ես հույս ունեմ, որ ի վերջո թուրք-ադրբեջանական այս ոտնձգությունները կստանան իրենց արժանի գնահատականը: Սա գալիս է ավելորդ անգամ ապացուցելու, որ անարդյունք բանակցությունները նման զարգացումները կանխելու լավագույն միջոցը չեն: Աստված մի արասցե, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը նվազեցնելու միակ կենսունակ միջոցը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ քննարկումների վերսկսումն է: Հիշենք, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո միջազգային միջնորդները համաձայնեցին ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատակիցների թիվն ավելացնելու և հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ գործարկելու հարցի շուրջ: 2016-ի մայիս և հունիս ամիսներին ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն, թեկուզ և որոշ փոփոխություններով: Դրանք կարող են էական դեր ունենալ ռազմական գործողությունների բռնկումը կանխելու համար, ինչը կարող է վտանգի ենթարկել ամբողջ տարածաշրջանը:
-Տիկի'ն Կյուրեղյան, Ադրբեջանը, կարծես, առաջին անգամ պաշտոնապես խոսեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, սա ի՞նչ է նշանակում և որքանո՞վ է տարածաշրջանին առնչվող հարց:
-Սա ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգությանն առնչվող հարց է: Դա միջազգային իրավունքով ամենածանր հանցագործություն է՝ թեկուզ հայտարարության մակարդակով, և միանշանակ է, որ բոլոր երկրները, միջազգային համապատասխան կառույցները վաղ թե ուշ պետք է դատապարտեն:
Վերջում կուզեի ավելացնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքերը. «Դաշնակցությունը գիտակցում է ներկա հանգրվանում իրեն վերապահված պատասխանատվության չափն ու կարևորությունը և կազմակերպական ամբողջ ռեսուրսի համախմբմամբ շարունակում է սպասարկել ու պաշտպանել բովանդակ հայության շահը` հնարավոր բոլոր հարթություններում:










