Թրամփը կորոնավիրուսի պատճառով մարզադաշտերում քարոզարշավը դադարեցրել է և անցել «հեռախոսային հանրահավաքների». РИА Новости
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է մարզադաշտերում քարոզարշավային բազմամարդ հավաքներն ու անցել «հեռախոսային հանրահավաքների», հաղորդում է РИА Новости-ն:
«Մինչև իրավիճակը չկարգավորվի, դժվար է լինելու այդ բազմամարդ և մեծ հանրահավաքներն անցկացնել, ուստի մենք հեռախոսային հանրահավաքներ կանցկացնենք, և դրանք «Թրամփի հանրահավաքներ» կկոչենք, պարզապես դրանք հեռախոսով կանցկացնենք»,- հայտարարել է Թրամփը Վիսկոնսին նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը հայտնի է բազմամարդ հանրահավաքներ իրակակացնելու հակվածությամբ, սակայն վերջին շրջանում նա սուր քննադատության է արժանանում, քանի որ այդ հանրահավաքների ընթացքում գրեթե ոչ ոք դիմակ չի կրել, և հակահամաճարակային անվտանգության կանոնները չեն պահպանվել:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը որոշել էր կրճատել Ֆլորիդայում սպասվող կուսակցական համագումարի մասնակիցների թիվը: Այդ համագումարում էլ հենց Թրամփը պաշտոնապես պետք է առաջադրվի որպես նախագահի թեկնածու:
Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ևս հրաժարվել է նախընտրական հանրահավաքներ կազմակերպելուց:










