Արաբկիրի թաղապետարանը ցանկանում է Կոմիտասի գյուղատնտեսական շուկան այլ վայր տեղափոխել․ ըստ առևտրականների՝ տպավորություն կա, որ ինչ-որ մեկին խանգարում են (տեսանյութ)
Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներն այսօր Կոմիտասի սկզբի ֆերմերային շուկայում էին՝ դուրս հանելու համար այստեղ առևտուր անողներին:
«Տպավորություն կա, որ չեք ցանկանում այստեղ ապրանք վաճառենք»,- ասաց առևտուր անողներից մեկը՝ նշելով, որ շուկան 11 տարի լավ աշխատել է:
Թաղապետարանի աշխատակիցը նշեց, որ իրենք Արաբկիր համայնքում ունեն տասնմեկ նմանատիպ տնտեսվարող սուբյեկտ, որոնք հարկ են վճարում, աշխատող են պահում, այդ մարդիկ բողոքում են, որ շուկան խանգարում է նրանց աշխատանքին, արդար չէ: Նրա խոսքով՝ նախատեսված է, որ այստեղ չի կարելի կազմակերպել նման առևտուր:
Առևտրականները նշում էին, որ իրենք երկար տարիներ այստեղ աշխատել են, իրենց հանելու մասին խոսակցությունները սկսել են 2018 թվականից, այդ ժամանակվանից պայքարում են թաղապետարանի դեմ:
Հավաքվածներին մոտեցավ Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը, որը նշեց, որ ինքը և իր քաղաքական ուժը գյուղացիների կողքին է պատրաստ են նրանց օգնել:
Առևտրականներից մեկը նրան ներկայացրեց, որ հունվար-փետրվար ամիսներից սկսել են բանակցությունները թաղապետարանի հետ, հանդիպել են վարչական շրջանի հետ ղեկավարի հետ, իրենց համար պարզ է դարձել, որ տարածք չեն տրամադրելու:
«Միակ տրամաբանական հիմնավորում այն է, որ խանգարում ենք այստեղի տնտեսվարողներին: Բայց մենք էլ ունենք պլանավորված մթերք, որը պետք է սպառենք, խնդրել ենք, որ այս տարի թույլ տան, բայց մերժեցին՝ անտրամաբանական պատճառներ բերելով, որ խցանում է առաջացնում, բնակիչներն են բողոքում, բայց նման բան չկա»,- ասաց նա:
Առևտրականները նշեցին, որ իրենցից գնումներ են կատարում ութ հազար բնակիչներ, բազմաթիվ վերավաճառողներ:
Միքայել Մանրիկյանը այնուհետ հեռացավ, հետո վերադաձավ՝ ասելով, որ խոսել է թաղապետարանի առևտրի վարչության պետի հետ: Նա ներկաներին առաջարկեց, որ նամակ գրեն ԲՀԿ-ի ավագանուն:
«Գրավոր դիմում է պետք, որ բոլորս պայքարենք, որ հարցը լուծվի, այս ծանր սոցիալական իրավիճակը լուծենք:
Երկուշաբթի նամակը մուտքագրեք, երեքշաբթի կապի մեջ լինելով միմյանց հետ, կքննարկենք, իրենց տված պատճառաբանությունների վրայով կետ առ կետ կանցնենք»,- ասաց նա:
Թաղապետարանի աշխատակիցը վերադարձավ հավաքվածների մոտ և առաջարկեց բոլորին տեղափոխվել այլ վայր՝ նշելով, որ իրենք կզբաղվեն տեղափոխությամբ:
Մանրամասները տեսանյութում.










