Հոդվածը մոլորեցնում է հասարակությանը և ստվեր գցում Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վրա․ Վրաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական լրատվամիջոցի հոդվածը

21:36 • 20.07.20

Վրաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական լրատվամիջոցի պնդումներն առ այն, որ Հայաստանը հրթիռային կայանքներ է գնել Սերբիայից և Ռուսաստանից և այն Հայաստան տեղափոխել Վրաստանի տարածքով, գրում է interpressnews.ge-ն։

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է ապատեղեկատվական հոդված, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ։ Ցավալի է, որ Ադրբեջանի ինտերնետային աղբյուրը փաստերի կանխակալ նկարագրություն է տալիս, մոլորեցնում հասարակությանը և ստվեր գցում Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամության վրա։ Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերության կապերով, իսկ երկու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությունը գնալով ավելի ու ավելի է խորանում: Երկու երկրներն էլ առանցքային դեր են խաղում տարածաշրջանում և համատեղ իրականացնում են շատ տարածաշրջանային և միջազգային կարևորության նախագծեր»,- ասված Է հայտարարության մեջ:

ԱԳն-ում նաև նշել են, որ հիշյալ հոդվածն «արտացոլում է տենդենցիոզ մոտեցումներ և ուղղված է երկու ռազմավարական գործընկերների փոխհարաբերություններում արհեստական խնդիրների ստեղծմանը»։