ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կլինի
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, քանի որ պետությունների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը, գրում է ria.ru-ն։
«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությանը։ Նա առավելագույն զսպվածության կոչ է անում. այդ երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կլինի»,- ասել է Դուջարիչը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:
Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:










