Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի․ դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը

19:35 • 20.07.20

Դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը, դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աննա Մաթևոսյանի՝ նախագահությամբ  մերժել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի միջնորդությունը՝Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Պաշտպանը նշեց, որ դեռ որոշմանը չեն ծանոթացել՝ գնահատական հնչեցնելու համար, սակայն որոշումը սպասելի համարեց: «Մենք գիտեինք, որ այնտեղ որևէ լուրջ բան չկա. դատարանը շատ ճիշտ բարձրունքի վրա գտնվեց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ-ն տվել էր թույլտվություն՝ քրեական հետապնդում հարուցելու Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ, մեկ այլ որոշմամբ էլ ազատությունից զրկելու թույլտվություն էր տվել: