Եթե ծանոթ չէիր ագրեսոր թշնամուդ հետ, պետք է լսեիր այն պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր անցել էին այդ ճանապարհով. Գևորգ Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին

16:11 • 20.07.20

Ռազմական գործողությունների սկսելու հաջորդ օրն ինքս ներկա եմ եղել այնտեղ, տեսել եմ գործողությունների ընդհանուր իրավիճակը և կարող եմ հստակ ասել՝ հայոց բանակը իրապես ամուր է և հզոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով հակառակորդի՝հայ-ադրբեջանական սահմանին հրահրած սադրանքին:

«Մենք իսկապես ունենք մարտունակ բանակ. մեր բանակի կատարելագործված սպայական և զինվորական անձնակազմը, ճիշտ հակահարված տալով թշնամուն, հետ շպրտեց նրան: Ուզում եմ ընդգծել՝ դա միայն ու միայն բանակի պրոֆեսիոնալիզմի, տարիների ընթացքում պրոֆեսիոնալ աշխատանքի, նվիրումի արդյունքն էր, և բանակի ձեռքբերումը ոչ մի իշխանություն իրավունք չունի վերագրել իրեն, դա միայն ու միայն ազգինն է: Բանակն ազգինն է, ժողովրդինն է»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է իշխանությանը՝ նա նշեց, որ այս երկու տարվա ընթացքում նրանց քայլերի հաջորդականությունն ընդհանրապես հաղթանակի հետ կապ չունի. «Խնդիրը հետևյալն է. երկու տարի շարունակ անդադար ասում ենք, որ «թուրը չի կարելի հանել Չապաևի նման» ու ներքաղաքական խնդիրներում աջուձախ անել, սևերի ու սպիտակների բաժնել, այլ պետք է գիտակցել, որ պատասխանատու ես ամբողջ ժողովրդի համար: Պետք է գիտակցել, որ երբ դառնում ես երկրի առաջին դեմք, պետք է ունենաս պատասխանատվության բարձր զգացում»,- ասաց նա և հավելեց, որ եթե երկրի ղեկավարը ծանոթ չէր ագրեսոր թշնամու հետ, պետք է լսեր այն պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր անցել էին այդ ճանապարհով:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ անկախ նրանից, որ վարչապետը ցանկանում էր նոր կետից սկսել բանակցությունները, չպետք է վերացներ բոլոր բանակցությունների արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք կարող էին մեր երկիրը ամրացնել: «Այսօր  խոսում են սահմանին մշտադիտարկման մեխանիզմների ներդրման մասին. երկու տարի շարունակ ասում էին նոր կետից ենք սկսելու, իսկ հիմա փորձում է արվում արդեն մեկ որոշումով խնդիրը լուծել, արդյոք դա հնարավոր է անել: Բա ինչո՞ւ այն ժամանակ ոչնչացրեցին այդ բանակցությունների արդյունքը, ինչո՞ւ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները դարձրեցին ոչ կարևոր»,- ընդգծեց նա:

Նա նկատեց, որ այստեղ հարցը իշխանությունը չէ, բոլոր իշխանությունների ժամանակ էլ ագրեսոր Ադրբեջանը եղել է նույնը, և նրա հետ խոսելու միակ հնարավոր ճանապարհը ուժն է, ամուր բռունցքը. «Այսինքն՝ Ադրբեջանը պետք է տեսնի ամուր ուժ, այդ ժամանակ ինքը շատ ավելի մտածված է գործում: Մենք այսօր փաստացի ունենք իրավիճակ, որ ժամանակավոր անդորր է, բայց ես առավել քան վստահ եմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը յոթը սարերի հետևում չէ, որովհետև այն քաղաքականությունը, որը վարվում էր այս երկու տարվա ընթացքում, շատ ավելի արագացրեց այս իրավիճակը: Չէր կարելի ցույց տալ, որ հայ ազգը պառակտված է»:

Գևորգյանն ընդգծեց, որ իհարկե մենք ֆենոմենալ ազգ ենք, և երբ պետականությանն ու սահմանին վտանգ է լինում, բոլոր քաղաքական, ներքաղաքական խնդիրները դնում ենք մի կողմ և դառնում մեկ բռունցք, բայց անկախ ամեն ինչից, պատերազմն ունի իր օրենքները. այդտեղ զոհվում են մարդիկ, որբանում են երեխաներ,  կործանվում են կյանքեր: «Դրա համար կոնկրետ ես ասում էի՝ մի՛ բաժանեք, մի՛ թուլացրեք ազգը, վարեք ձեր քաղաքականությունը, ուզում եք նորը, ավելի լավը կառուցել, կառուցե՛ք, կարող եք, կառուցեք, բայց մի պառակտեք, որովհետև եթե պատերազմը վերսկսվի, պետք է ագրեսոր թշնամուն ցույց տալ մեր միասնականությունն ու բռունցքը»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Գևորգյանն ընդգծեց, որ պատերազմի չվերսկսելու համար պետք է գնալ ոչ թե պառակտման, այլ միասնական լինելու ճանապարհով, պետք է լիներ ամբողջովին ազգ-բանակ հայեցակարգը: «Ամեն դեպքում խնդիրը հետևյալն է՝  երկու տարի շարունակ խոսում էի, որ մեկ բռունցք պետք է լինել, ուզում ենք լավ պետություն կառուցել: Դուք ունեք բոլոր հնարավորությունները, ուժ ցույց տայիք թշնամուն, ոչ թե ագրեսոր հակառակորդին, թշնամուն կառուցողական համարեիք: Ագրեսոր թշնամին պետք է իմանա իր տեղը, պետք է իմանա, որ մենք մեկ բռունցք ենք ու անկախ իշխանություններից՝ պետականությունը, հողն ու ջուրը մեզ համար ամենակարևորն է: Իշխանությունը գալիս է ու գնում, երկիրն ու պետականությունն է մնայուն և դա էր պետք կառուցել: Ոչ հեռատես, թույլ քաղաքականությունը, ագրեսոր թշնամուն ներքին պառակտումը, ներսի խնդիրները ցույց տալով թշնամուն կառուցողական կոչելով՝ մենք ավելի թև տվեցինք թշնամուն, ինչն էլ այսօր արդեն խնդիրներ է բերում: