Մեկ վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

11:05 • 20.07.20

Մեկ վիրավոր զինծառայողցի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ գիշերը և այժմ սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակ է, հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Հիմնականում հակառակորդի կողմից եղել է անկանոն կրակ, հայկական կողմը պատասխանել է միայն դիպուկ կրակոցներին։

«3-րդ բանակային միավորման մեր ժամկետային զինծառայողները, որոնք ներգրավված էլ չեն մարտական գործողությունների, մարտական խնդիրների կատարման մեջ, վերադաս հրամանատարությանը կամավոր դիմումներ են գրել՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն, որ խնդրում են դադարեցնել իրենց զորացրումները, քանի դեռ հակառակորդը վերջնականապես չի լռեցվել»,- հայտնեց նա։

Ամփոփելով հուլիսի 12-ին սկսած և շուրջ 6 օր տևած բախումները հայ-ադրբեջանական սահմանային, Արծրուն Հովհաննիսյանը ասաց․ «Առաջին հերթին մեր զինված ուժերին տարան փայլուն հաղթանակ։ Ընդհանուր առմամբ, մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական և զինվորական կառավարման համակարգերի աշխատանքի հղկվածության, զարգացման, բոլոր այս առումներով մենք ունեցանք աճ։ Չնայած ցավալի կորուստներին, նյութական որոշակի ավերածություններին, մեր ոգին, կամքն ավելի ամրապնդվեց»։