ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը հրապարակավ դիտողություն է արել Ավստրիայի կանցլերին
Կորոնավիրուսից հետո ԵՄ տնտեսության վերականգնման հարցերին նվիրված գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ դիտողություն է արել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ նրա անհարգալից պահվածքի պատճառով, գրում է lenta.ru կայքը:
Երեք օր է՝ 27 երկրների ղեկավարները քննարկում են կորոնավիրուսից տուժած երկրներին 750 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու հարցը:
Նիստի ժամանակ, ըստ ականատեսների, Ֆրանսիայի նախագահը հարվածել է սեղանին, բղավել Կուրցի վրա, երբ վերջինս դուրս է եկել նիստից հեռախոսով խոսելու համար, իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին մեղադրել է նրա համար, որ վերջինս իրեն պահում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի պես, որի ռազմավարությունը «վատ է ավարտվել»:
Համաձայն աղբյուրի՝ Ավստրիայի կանցլերը խիստ վիրավորվել է Ֆրանսիայի նախագահի պահվածքից:










