Վանաձորի 58-ամյա բնակիչը սպանել է մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել մարմինը, լցրել աղբամանն ու այրել. Shamshyan.com

13:55 • 20.07.20

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ, 58-ամյա Կամո Պ-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ վերջինս 2007 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով դատապարտված է եղել 11 տարի 6 ամիս ժամանակով։ Այն ժամանակ նա սպանել էր Վանաձորի նոտար Սոնյա Վերանյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: