Նվազել են արձանագրվող խախտումները, կասեցման որոշումները․ եթե հունիսի առաջին տասնօրյակում ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում ապա հուլիսի նույն ժամանակահատվածում՝ 377 խախտում․ Ավինյան

23:01 • 21.07.20

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պարետ Տիգրան Ավինյանը:

«Այսպիսով.

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում:

Տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին: Կախված տնտեսավարողի գործունեությունից նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։

Տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները: Օրինակ, եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)»,- գրել է նա: