Բելառուսի նախագահի կին թեկնածուն ընտանիքին ուղղված սպառնալիքների պատճառով ստիպված է եղել իր երեխաներին այլ երկիր ուղարկել
Բելառուսում արգելափակված «Хартия'97» կայքի գլխավոր խմբագիր Նատալյա Ռադինան հայտարարել է, որ ինքն օգնել է երկրի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային նրա երեխաներին Եվրամիություն տեղափոխելու հարցում, գրում է tut.by կայքը:
«Ես հիմա ԵՄ անդամ երկրներից մեկում գործուղման եմ: Այստեղ զբաղվել եմ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի երեխաներին այստեղ տեղափոխելու գործով: Նա ինձ դիմել էր օգնության խնդրանքով, և մեր թիմը որոշել է օգնել: Երեխաներին մենք արդեն դուրս ենք բերել, քանի որ նրան սպառնում էին կալանքով և երեխաներին խլելով»,-տեղեկացրել է Ռադինան:
Ռադինայի խոսքով` Տիխանովսկայայի երեխաներն այժմ անվտանգության մեջ են` իրենց տատիկի հետ՝ ԵՄ անդամ երկրներից մեկում:
Երեխաների` արտերկրում գտնվելը հաստատել է նաև անձամբ Տիխանովսկայան:
«Այո, երեխաներն այժմ անվտանգ վայրում են, Նատալյան մեզ օգնեց»,-ասել է նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին: Կրկին վերընտրվելու ցանկություն է հայտնել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահի որոշ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հետապնդումներ են սկսվել:










