«Իմ և նախագահ Դոնալդ Թրամփի միջև ոչ մի գաղտնի գործարք չկա»․ Ցուկերբերգ

22:05 • 21.07.20

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իր և նախագահ Դոնալդ Թրամփի միջև «ոչ մի գաղտնի գործարք չկա», գրում է Independent-ը։

Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելի քան 7,2 մլրդ դոլար է կորցրել, քանի որ մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել սոցցանցում՝ «ատելության, այլատյացության, հակասեմական և նմանատիպ բովանդակությամբ գրառումների անբավարար վերահսկողության պատճառով»։

«Ես էլ եմ լսել այդ ենթադրությունը (ԱՄՆ նախագահ Թրամփի հետ գաղտնի գործարքի), այնպես որ թույլ տվեք պարզաբանել՝ ոչ մի գործարք էլ չկա»,- ասել է Ցուկերբերգը Axios-ի հետ զրույցում։

«Ճիշտ է, որ ես ժամանակ առ ժամանակ խոսում եմ նախագահի հետ, ճիշտ այնպես, ինչպես ես խոսել եմ ամբողջ աշխարհի քաղաքական առաջնորդների հետ, բայց գործարքի գաղափարը բավականին անհեթեթ է»,- հայտարարել է նա։

Ցուկերբերգը նաև մատնանշել է բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ նա համաձայն չէ Թրամփի հետ, ինչպիսիք են՝ ներգաղթի քաղաքականությունը, Փարիզի համաձայնագրից դուրս գալը, ինչպես նաև նրա «պառակտիչ և հրահրիչ հռետորաբանությունը»:

Ավելի վաղ Ցուկենբերգը բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը։

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- ասել էր նա։