«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրից ևս 2 ուսուցիչ, որոնք ավելի վաղ բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել (տեսանյութ)

16:17 • 21.07.20

16։50

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրից ևս 2 ուսուցիչ, որոնք ավելի վաղ բերման էին ենթարկվել և գտնվում էին Ոստիկանության Շենգավիթի բաժնում, ազատ են արձակվել։

 

Այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման են ենթարկել կրթահամալիրիի և հարակից տարածքից։ Նրանք Շենգավիթի Ոստիկանության բաժնում են: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Տաթև Բլեյանից:

Ըստ նրա՝ ոստիկանների պարզաբանումն այն է եղել, որ նրանք կարգ են խախտել: «Կանգնած են եղել Հյուսիսային դպրոցի մեր մասնաճյուղի և մանկապարտեզի տարածքում: Ոստիկաններն ասել են՝ դուք ակցիա եք իրականացնում, այդպես են որոշել ու բերման ենթարկել, այնքան ոստիկան, որ եկել էր կրթահամալիր, երևի այլ հանցագործության համար չէին գնա: 30-ից ավել կարմիր բերետավոր էր եկել»:

Տաթև Բլեյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ մի ակցիա չեն իրականացրել, և հիշեցրեց, որ բերման ենթարկվածները եղել են այն հատվածում, որտեղ քաղաքապետարանի խոսքով՝ պետք է ճանապարհ կառուցվեր, սակայն նրանք տեղեկացել էին, որ ցանկապատ է կառուցվելու:

«Նրանք որոշել էին, թե մենք ճաղավանդակի դեմ ենք պայքարում և խոչնդոտում, ինչի համար էլ բերման ենթարկեցին, իսկ վարչական շրջանի ղեկավարն էլ ոստիկանների կողքին կանգնած խաղաղ, հպարտ նայում էր, թե ինչպես են ուսուցիչները բերման ենթարկվում: Մենք հիմա գնում ենք խնդիրը հասկանալու»,- ներկայացրեց նա:

Tert.am-ը դեպքի առիթով պարզաբանում խնդրեց ՀՀ Ոստիկանությունից, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց, որ կրթահամալիրի տարածքից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով երեք անձ բերման է ենթարկվել:

 Հիշեցնենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։