Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները դիմում հանձնեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, որտեղ ներկայացրին իրենց խնդիրն ու առաջարկությունները (տեսանյութ)

11:31 • 21.07.20

14։24

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը եկավ հանդիպման ակցիայի մասնակիցների հետ: Լսելով ակցիայի մասնակիցների պահանջը և առաջարկությունները, որն է՝ բուհերում, ֆակուլտետներում տեղեր ազատել չընդունված ուսանողների համար՝ պատգամավորը նշեց,  որ այս ոլորտի պատասխանատուների հետ պետք է խոսել: Նա տեղեկացավ, որ գրեթե բոլոր բուհերում և ֆակուլտետներում նույն իրավիճակն է և նշեց, որ իր գործընկերներին  առաջարկել է ԱԺ-ում քննարկում իրականացնել՝  ԳԹԿ-ից և նախարարությունից ներկայացուցիչներ հրավիրելով:

Ակցիայի մասնակիցներից մեկը առաջարկեց, որ այդ քննարկմանը մի քանի ծնող  և դիմորդ  ևս մասնակցի, քանի որ նրանք ավելի լավ կարող են ներկայացնել խնդիրը:

«Ամեն դեպքում,գիտելիքը չպետք է նսեմացնել, բարձր միավոր հավաքած դիմորդը ակնհայտ ավելի շատ գիտելիքի է տիրապետում, աբսուրդային իրավիճակը սա է»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ գործընկերների հետ քննարկելուց հետո կապի մեջ կլինի ակցիայի մասնակիցների հետ և կտեղեկացնի առաջիկա քննարկման մասին, որը հավանաբար այսօր կլինի:

13։54

Ակցիայի մասնակիցները այժմ ստորագրում են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին ուղղված դիմումի տակ, որտեղ նրանք ներկայացրել են իրենց խնդիրն ու և առաջարկությունները:

13։34

Ակցիայի մասնակիցներին Ոստիկանության մայորը հորդորեց ԱԺ-ի շենքին հարակից այգում շարունակել ակցիան, քանի որ տվյալ իրավիճակում գործողությունները ճիշտ չեն: Բուհ չընդունված դիմորդներից մեկի հայրը նշեց, որ պայմանավորվածություն ունեն ԱԺ ԼՀԿ պատգամավորների հետ և հանդիպելու են նրանց, սակայն ցանկանում են, որ բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ լինեն, որպեսզի տպավորություն չլինի, թե պայքարը ընդդիմադիրներն են կազմակերպել:

Լրագրողների հետ զրույցում բուհ չընդունված դիմորդներից մեկը նշեց, որ խոսակցություններ կան, թե գումարի դիմաց ընդունված դիմորդներ էլ են եղել: «Եթե նման բան կա, ապա ինչի համար էինք նոր կառավարություն ստեղծում,  եթե այդ երկրում ենք ապրում, ապա գումար կվճարեինք, այդպես կընդունվեինք»:

11։31

Այսօր ԳԹԿ-ի դիմաց հավաքվել են այն մարդիկ, որոնց բուհ չընդունվելու վերաբերյալ պատասխանը մենք տվել ենք և նրանք պատասխանից չեն բավարարվել, բայց, թե  ինչի են եկել այստեղ, ես չեմ կարող ասել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրենի  տեղակալ Կարո Նարսիբյանը՝ խոսելով բուհեր չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի մասին:

Հիշեցնենք, որ  նրանց բողոքն այն է, որ նույնիսկ դրական միավորներ ստացած դիմորդները չեն ընդունվել համալսարան, ոչ առաջին հայտով, ոչ էլ մնացած հայտերով: Նրանք պատասխան են ստացել ԳԹԿ-ից, թե կարող են այլ համալսարանների թափուր տեղերի համար դիմել, սակայն դիմորդները դժգոհում են՝ այդ համալսարանները պետական չեն:

Նրա խոսքով՝ կապ չունի, թե որ ֆակուլտետ են դիմել դիմորդները, առաջին հարցն այն է, որ առաջին հայտով դիմողը առավելություն ունի երկրորդ հայտով դիմողից: Նասիբյանը նշեց, որ նման խնդիրներ շատ են եղել, երբ խախտվել են տեղերը, քանի որ առաջին հայտով չընդուվածը կարող է մյուս ֆակուլտետի առաջին հայտով դիմորդների տեղում հայտնվել:  «Պետք է մրցել նույն տեղի համար, հետո եթե թափուր տեղ ազատվի ձեր մնացած հայտերը կաշխատեն»:

«Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել, որը COVID-19-ով պայմանավորված չէ, այս մտադրությունը վաղուց կար: Ես մի քանի անգամ հեռուստատեսությամբ խոսել եմ այս մասին, էլ չեմ ասում, որ նախարարը լայվով է խոսել այս մասին»,- ասաց Նասիբյանը և շեշտեց, որ այս ամենի նպատակն այն է, որ բոլոր դիմորդներն ընդունվեն այն ֆակուլտետ, որին, որ ավելի առաջնահերություն են տալիս: