Իրանը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման հարցում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառմանը

13:06 • 21.07.20

«Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը, որը կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում արդյունավետություն է ցույց տվել, այսօրվանից սկսած մատակարարվում է Իրանի հիվանդանոցներ, որտեղ այն կիրառվում է կորոնավիրուսով ախտահարվածների բուժման համար: 

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին:

«Աշխարհում դեռևս չկան COVID-19-ի բուժման հուսալի դեղամիջոցներ, սակայն բազմաթիվ բժիշկներ նշանակում են «Ռեմդեսիվիր» ու «Ֆավիպիրավիր», հատկապես «Ռեմդեսիվիր», որի արդյունավետությունն ընդգծվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում»,-ասել է նախարարը:

Առողջապահության նախարարությունն անցած շաբաթ «Ռեմդեսիվիր»-ը ներառել է թույլատված դեղամիջոցների ցանկում ու հավանություն տվել դրա կիրառմանը: Այժմ դեղամիջոցն արտադրվում է Իրանում և հաջորդ շաբաթվանից արդեն վաճառքի կհանվի:

Ներկայում Իրանում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքն է. երկրում փետրվարից ի վեր գրանցվել է վարակման 276 202 դեպք, որից 14 405-ը՝ մահվան ելքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Ռեմդեսիվիր»-ն արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում: Նման եզրակացության են եկել ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները:

Մասնագետները գիտափորձ են կատարել կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 մարդու շրջանում: Կամավորների խմբերից մեկին պլացեբո են տվել, մյուսին 10 օրվա ընթացքում ներարկել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը: Առաջին դեպքում մահվան ելքով դեպքերը կազմել են 12, մինչդեռ երկրորդի պարագայում՝ 7 տոկոս: «Ռեմդեսիվիրը» նաև կրճատել է հիվանդների ապաքինման ժամանակահատվածը՝ այն միջինը հասցնելով 4 օրվա: