Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած տղամարդը ծնունդով Ռուսաստանից է, նախկինում երկու անգամ դատապարտվել է. Ուկրաինայի ՆԳ փոխնախարար

16:59 • 21.07.20

Ուկրաինական Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձը ծնունդով Ռուսաստանից է, նախկինում երկու անգամ դատապարտվել է ծանր հանցագործությունների համար: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն` իր ֆեյսբուքյան էջում:

«Պատանդներ վերցնելու համար կասկածվողն Ուկրաինայի քաղաքացի, 1975 թվականին ծնված Մաքսիմ Կրիվոշն է, որը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Գայ գյուղում»,-գրել է Գերաշչենկոն:

Փոխնախարարն ավելացրել է, որ Կրիվոշը նախկինում ծանր հանցագործություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է և ընդհանուր առմամբ շուրջ 10 տարի ազատազրկված է եղել` պատիժը կրելով ուղղիչ աշխատանքային գաղութներում:

Նշվում է, որ Կրիվոշը նախկինում դատապարտվել է կողոպուտի, խարդախության, շորթման, ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու, պատրաստելու մեղադրանքներով` 1994 և 2005 թվականներին:  

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից: 

Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում: