Վրաստանը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 31-ը

16:36 • 22.07.20

Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությանը:

Միևնույն ժամանակ, ծառայության տեղեկություններով, սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա:

Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը կվերականգնվի օգոստոսի 2-ից, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ավիահաղորդակցությունը` օգոստոսի 8-ից:

Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում: Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1073 դեպք, վարակման հետևանքով մահացել է 16 մարդ: