ԱԺ նախագահը ստորագրել է ՍԴ-ի մասին օրենքը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ստորագրել է ԱԺ-ի կողմից հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքը։
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,-գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ ինքը չի ստորագրելու ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ՝ 80, դեմ՝ 1 ձայներով, առանց ընդդիմության մասնակցության, ընդունել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Այսպիսով, նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ Հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:
Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Նախագծով փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:
Հստակեցվում է նաև 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների՝ պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը:










