Վարդենիսում կատարված խուզարկությունների ժամանակ իրավապահները հրազեն ու թմրամիջոցներ են հայտնաբերել (տեսանյութ)

19:02 • 22.07.20

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողներն ու Վարդենիսի ոստիկանները հուլիսի 21-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարեցին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Արդյունքում` տարբեր վայրերից հայտնաբերվեցին և առգրավվեցին գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի յոթ փամփուշտով, ատրճանակի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, հրացանի դետալներ, դանակներ, տարբեր փաթեթներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 70 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ և այլն։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։