Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական արդյունք է ցույց տվել

17:39 • 22.07.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական պատասխան է ցույց տվել: Այս մասին տեղեկացնում է G1 պորտալը` հղում տալով նախագահի աշխատակազմին:

«Նախագահ Ժաիր Բոլսոնարուի առողջական վիճակը լավ է, նա բժիշկների հսկողության ներքո է: Նախագահի երեկ հանձնած թեստը դրական պատասխան է ցույց տվել»,-ասված է աշխատակազմի հայտարարության մեջ:

Հիվանդությունը Բրազիլիայի նախագահի մոտ առաջին անգամ հաստատվել է հուլիսի 7-ին, ինչից հետո նա մեկուսացել է իր նստավայրում:

Բոլսոնարուն մի քանի անգամ սոցցանցերում տեղադրել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ նա նախաճաշում է, սուրճ խմում կամ նստավայրում պահվող ջայլամներին է կերակրում ՝ դրանով ցույց տալով իր լավ ինքնազգացողությունը:

Հուլիսի 19-ին նա իր մի քանի հարյուր կողմնակիցներին ընդունել էր նախագահականի պարտեզում, նրա ու կողմնակիցների միջև միայն նեղ առվակ է եղել, իսկ Բոլսոնարուն խոսելիս մի պահ նույնիսկ հանել է դիմակը:

Բրազիլիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 166 532 դեպք, վարակման հետևանքով մահացել է 81 597 մարդ: