Գիտելիքը ստորադասվում է․ ցածր միավորներով դիմորդն առավելություն ունի բարձր միավորներ հավաքած դիմորդի նկատմամբ, իսկ ԿԳՄՍՆ-ի կողմից որևէ մեկնաբանություն չկա. Աննա Կոստանյան (տեսանյութ)

16:02 • 22.07.20

Երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, որ ցածր միավորներով դիմորդը առավելություն ունի բարձր միավորներ հավաքած դիմորդի նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների առաջ բերած խնդրի մասին:

Հիշեցնենք, որ երեկ բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա՝ դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել:

«Ակնհայտ է՝ գիտելիքը ստորադասվում է շատ թույլ հիմնավորմամբ, թե առաջին հայտով դիմողներն իրենց մասնագիտության ընտրության հարցում շատ հստակ որոշում են կայացրել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ իր կարծիքով՝ այդ տարիքի երեխաները ոչ լրիվ են համոզված իրենց որոշումներում, սակայն չի կարելի բարձր միավորներ հավաքած երեխաներին ստորադասել:

Ըստ նրա՝ այս պարագայում որևէ որոշում չէր կարող իրականացվել, քանի որ որոշում իրականացնող մարմինները՝ ԿԳՄՍ նախարարը, փոխնախարարը ներկա չէին քննարկմանը: Նա նշեց, որ նախարարության կողմից որևէ մեկնաբանություն այս պահին չկա: 

Կոստանյանը ներկայացրեց, որ կան մի քանի տարբերակներ․ օրինակ՝ այլ բուհ դիմեն կամ մարզի դիմորդները մնան մարզային բուհերում, սակայն դա, ըստ նրա, այդքան էլ հաստատուն թեզ չէ:

Ծնողներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնում են ԿԳՄՍՆ` նախարարի մոտ խնդիրը բարձրաձայնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում