«Այս երեխաները դասերից փախել, հեղափոխություն են արել, այսօր ի՞նչ է տվել հեղափոխությունը մեզ». բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անում ԱԺ-ի դիմաց

12:45 • 22.07.20

Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց։

Այստեղ շատ այլ խնդիրներ կան, և մենք ուզում ենք, որ մեր ձայնը հասնի համապատասխան մարմիններին: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

Նա նշեց, որ սխալ են այն լուրերը, թե փոփոխված կանոնակարգի մասին դիմորդները տեղյակ են եղել: «Եթե այդպես էր, ապա հանեիք մյուս հայտերը, որպեսզի երեխան իմանար, որ մի տեղից բացի, այլ հնարավորություն չի ունենալու ընդունվել: Ի վերջո ինչպ՞ես է 7.5 միավոր հավաքած դիմորդը ընդունվում, իսկ 15, 16, 18-ը մնում դրսում»,- ասաց նա և հավելեց, որ իր աղջիկը հավաքել է 13.5 միավոր, դիմել 8 հայտով և ոչ մի բաժին չի ընդունվել:

Ըստ նրա՝ կապ չունի, թե դիմորդը որ հայտով է ընդունվում, կարևորն այն է, որ գիտելիքը կա: «Այսինքն` երկրին պետք չեն բանիմաց, խելացի մասնագետներ: Մեզ չի ծանուցվել  փոփոխությունների մասին, միգուցե երեխան իմանար ու դիմեր այլ բաժին: Բաժին կամ այլ հոսք ստեղծեք, այսքան երեխան 18 միավորով դրսո՞ւմ մնա: Մեզ անհրաժեշտ է, որ ապագան լինի խելացի երեխաներինը, ոչ թե 7.5 հավաքվածներինը: 7,5 միավորով բժիշկը պետք է մեզ բուժի՞»:

Լրագրողների հետ զրույցում դիմորդներից մեկի ծնողը նշեց, որ հստակ չգիտի, բայց մոտ 739 դիմորդ բարձր միավորներով բուհ չի ընդունվել: Իսկ դիմորդներից մեկն էլ ասաց, որ առաջին անգամ է մեկ քննությունով բուհ ընդունվելու հնարավորություն լինում, որը խճճում է դիմորդներին և նրա խոսքով՝ այն պարզաբանումը, թե  դիմորդները ծանուցվել են փոփոխված կարգի մասին, անհասկանալի է, քանի որ ոչ մի հստակ ձևակերպում չի եղել ԿԳՄՍՆ-ի կողմից:

«Չկա այլ տարբերակ, պետք է պայքարել»,- ասաց դիմորդը և հավելեց, որ հնարավորություն է ունեցել 10 հայտ լրացնել, որոնցից մեկով ընդունվել է, քանի որ չի ծանուցվել այն մասին, թե պարտադիր չէ բոլոր 10 հայտերը լրացնել: Նա նշեց, որ ցանկություն չունի սովորել այն բաժնում, որտեղ ընդունվել է:

Դիմորդը շեշտեց նաև, որ եղել են մարդիկ, որոնք հաղորդագրություն են ստացել, թե ընդունվել են բուհ, սակայն ավելի ուշ հերքող նամակ են ստացել:

Նշենք, որ ԱԺ-ում հիմա քննարկվում է առաջ բերված հարցը, սակայն ծնողները դեմ են, որ նիստ փակ է:

Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։