Ժամանակին կորոնավիրուսը հաղթահարած Չեռնոգորիայում համաճարակ են հայտարարել

15:37 • 22.07.20

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) իշխանությունները երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի ֆոնին ամբողջ երկրի տարածքում համաճարակ են հայտարարել: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում հուլիսի 22-ից: Այս մասին տեղեկանում ենք երկրի կառավարության թվիթերյան էջից:

Նշվում է, որ նման որոշում է կայացրել Չեռնոգորիայի կառավարությանն առընթեր Վարակիչ հիվանդությունների հարցերով ազգային համակարգող խորհուրդը:

Այժմ համաճարակի պատճառով 7 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները բաց տարածքներում և շինություններում պարտավոր են դիմակ կրել, բացօթյա հավաքների կարող է մասնակցել ամենաշատը 40, իսկ փակ տարածություններում` 20 մարդ:

Բացի այդ, դիսկոտեկների և գիշերային ակումբների աշխատանքի, հարսանիքների, ծննդյան և այլ տոնակատարությունների անցկացման արգելքը երկարացվել է մինչև օգոստոսի 6-ը: Կենդանի երաժշտությունն արգելվում է զվարճանքի վայրերում մինչև օգոստոսի 30-ը: Տարբեր շրջաններում սրճարանների և ռեստորանների աշխատանքային ժամերը սահմանափակվել են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մայիսի 25-ին Չեռնոգորիայի հանրային առողջության ինստիտուտը հայտարարել էր, որ 68 օր շարունակ կորոնավիրուսի դեմ պայքարից հետո երկիրն ազատվել է վարակի տարածումից և դարձել առաջին եվրոպական երկիրը, որին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը: