«Ընդհանուր առմամբ լավ էր վերաբերվում և չէր սպառնում». Լուցկում պատանդառված ավտոբուսի ուղևորները պատմել են տեղի ունեցածի մասին (տեսանյութ)

15:20 • 22.07.20

Ուկրաինական Լուցկ քաղաքում նախօրեին ահաբեկիչ Մաքսիմ Կրիվոշեյի կողմից ավտոբուսում ավելի քան 12 ժամ պատանդ մնացած ուղևորները պատմել են, թե ինչպես է նա իրենց վերաբերվել: Այս մասին ասվում է pershyj.com կայքի սյուժեում:

Ազատ արձակվելուց հետո ուղևորները տեղեկացրել են, որ Կրիվոշեյն իրենց չէր թողնում փողոց դուրս գալ, բայց ընդհանուր առմամբ լավ էր վերաբերվում և չէր սպառնում: Բոլորին շնորհավորում էր «հակառեժիմի օրվա» կապակցությամբ:

«Բան չունեմ ասելու, լավ էր վերաբերվում: Որպես զուգարան առաջարկում էր դույլ, բայց փողոց դուրս գալ չէր թողնում»,-պատմել է ազատ արձակված պատանդներից Նատալյա Բոսան:

«Միայն մեզ հանգիստ պահեինք, ոչ մի ավելորդ շարժում չանեինք»,-պատմել է ազատ արձակված մեկ այլ պատանդ Ռուսլանան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 21-ին Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս էր պատանդառել: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ անձը ծնունդով Ռուսաստանից, նախկինում երկու դատվածություն ունեցող Մաքսիմ Կրիվոշեյն է: Իրավապահները ձերբակալել են նրան: