ԱՄՆ-ում բախում է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. ադրբեջանցիները սադրել են, ապա մարմնական վնասվածքներ ստանալուց հետո դրոշը թողել ու հեռացել են (տեսանյութ)

10:08 • 22.07.20

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից հետո բողոքի և Հայաստանին զորակցություն հայտնելու ակցիաներ են ընթանում: Զուգահեռ ակցիաներ են նախաձեռնում նաև ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը: Երեկ ակցիաներից մեկի ժամանակ բախում է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:

Լոս Անջելես քաղաքում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի խաղաղ ակցիային միջամտել են ադրբեջանցիները, իսկ հյուպատոսարանի մոտից հեռանալու ժամանակ նրանք հարվածել են հայ աղջիկներին ու նրանց պատկանող մեքենաներին: 

«Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ  Վրույր Թադևոսյանը ներկայացրել է մանրամասներ միջադեպից, համաձայն որի՝ մարմնական վնասվածքներ ստացողներ կան ադրբեջանցիների շրջանում: Դրանցից չեն խուսափել նաև հայերը: 

Ադրբեջանցիները փախել են և չեն տարել իրենց դրոշը: Նրանց հեռանալու ընթացքում հետապնդել են հայերը  և չնայած ակցիան վերահսկել են ԱՄՆ ոստիկանության ծառայողները, հայերին հաջողվել է անցնել շղթան ու ծեծել ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիների թողած դրոշը վառել են հենց իրենց հյուպատոսարանի դիմաց: