Չէր կարելի մեկ քննությամբ դիմորդներին բուհ ընդունել, այսօրվա խառնաշփոթը գալիս է այդ անտրամաբանական որոշումից. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

15:53 • 23.07.20

Առաջին հայտի գերակայության սկզբունքը խառնաշփոթ է առաջացրել, սա նոր դրույթ է, որը հակասում է ընդունելության կանոնակարգի մեկ այլ կետի, ըստ որի՝ միասնական քննության դիմորդը դիմում-հայտում իրավունք ունի լրացնելու երկու անվճար և ութ վճարովի տեղերի մասնագիտության անվանում՝ իր ընտրած հաջորդականությամբ. ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ պարզաբանում այս հարցի առնչությամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել կրթության փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ընդունելության կանոնակարգի մեջ կան իրարամերժ ու անտրամաբանական կետեր: Չէր կարելի մեկ քննությամբ դիմորդներին բուհ ընդունել, այս վիճակը նաև դրանից է բխում: Մեկ քննության դեպքում չկա հակակշիռ, մեկ այլ քննության գնահատական: Առնվազն երկու քննություն է պետք դիմորդի իմացությունը պարզելու համար: Ինչպես մեկ քննություն անցկացրին, նույն սկզբունքով կարող էին երկրորդն անել, ի՞նչ կապ ուներ համավարակն այս ամենի հետ: Մեկ քննության արդյունքում չափազանց անարդար մրցույթ է անցկացվում»,- ասել է կրթության փորձագետը:

Ըստ Բախշյանի՝ ԿԳՄՍ նախարարությունը տապալել է 2019-20 թթ. երկրորդ կիսամյակի դպրոցական գնահատման գործընթացը՝ վաղ փակելով քառորդները. «Չհիմնավորված ու անտրամաբանական էր էլեկտրոնային թերի մատյանների վրա հիմնվելով՝ կիսամյակային կրթությունը կիսատ թողնելը, նախարարությունը տապալեց հանրակրթության այդ ռեֆորմը: Կրթական համակարգի փոփոխություն անելու համար չունենք մի ինստիտուտ, մարմին, որը կվերլուծեր ու մշտադիտարկում կաներ: Կրթության ազգային ինստիտուտը փակեցին, խոստացան, թե ուղեղային կենտրոն են ստեղծելու, բայց չարեցին»:

Կրթության փորձագետի կարծիքով՝ հանրակրթության պետական չափորոշիչը պետք է մշակվեր լայն հանրային քննարկմամբ, ոչ թե նախարարի մեկ հրամանով. «Չափորոշչում չկա այն գաղափարախոսական հիմքը, որը պիտի լիներ միասնական պետական կառույցի առկայության դեպքում, այն է՝ հայեցակարգ՝ նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն: Քննարկումը կանոնակարգված չէ, չափորոշիչը գրած մարդիկ պատրաստ չեն քննադատություն լսելու, ընդդիմախոսությունն ընկալում են իբրև անձնական վիրավորանք: Ի վերջո, որևէ չափորոշիչ վերջին ատյանի ճշմարտություն չէ»:

Անահիտ Բախշյանի պնդմամբ՝ հեռավար կրթությունը որակ չի ապահովում, պետք է աշակերտներին վերադարձնել դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ. «Դպրոցների տնօրենների ընտրության և կառավարման խորհուրդների ձևավորման կարգը պետք է փոխվի: ԿԳՄՍ նախարարն այդ աթոռին նստելու պահին պետք է զբաղվեր նախևառաջ այդ կարգավորմամբ, մանավանդ որ նախագիծը 2018 թ.-ից պատրաստ է, բայց ոչինչ չարվեց: Ունենք ընդամենը մեկ մանկավարժական բուհ, որում շատ բան պետք է վերանայվի: Այսօրվա մեր կրթության վիճակը սարսափելի տխուր է, պահանջվում են համակարգային փոփոխություններ»:

Դավիթ Սարգսյան