Ոչ մի քայլ չի կատարվել, ո՛չ տուն են տալիս, ո՛չ փոխհատուցում են տալիս, հարցը մնացել է անլուծելի. Եկմալյան փողոցի բնակիչ (տեսանյութ)
Եկմալյան փողոցի բնակիչները այս պահին Կառավարության դիմաց են: Նրանք նշում են, որ ամիսներ առաջ Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ նրանց հանդիպել է Անի Խաչատրյանը, խոստացել են իրենց, որ հաջորդ հինգշաբթի խնդիրը կլուծվի, սակայն մինչ օրս պատասխան չկա:
«Ոչ մի քայլ չի կատարվել, ոչ տուն են տալիս, ոչ փոխհատուցում են տալիս, հարցը մնացել է անլուծելի: Ներդրողը որոշել է, որ պետք է կառուցի 26 և 27 հոգու համար 11-17 հարկանի շենք, բայց թույլ չեն տվել. 5 հարկանի շենք են թույլ տալիս, որով ներդրողը տակից դուրս չի գա: Դրա համար մինչև այսօր մեր հարցը անհույս մնացել է: Արդեն 13 տարի Եկմալյանի բնակիչներ ենք՝ տուժված, անտուն ապրում ենք: Եկմալյանը կիսաքանդված վիճակում է, քաղաքապետարանը ասում է վարչապետը կորոշի, վարչապետը գցում է քաղաքապետի վրա»,- նշեց Եկմալյան փողոցի բնակիչը:
Եկմալյանի մեկ այլ բնակիչ՝ Պետրոս Աբգարյանը, նշում է, որ արդեն 13 տարի է՝ ինչ խնդիրը չի լուծվում.
«Այն Կառավարությունից էինք սպասում ոչինչ չարեց, այս Կառավարությունն եկավ նույն պատմությունը դրվածքով, ինչ անենք դուրս ենք մնացել: Մենք հավատում էինք Նիկոլին, բայց Նիկոլն էլ ոչ մի բան չարեց, ասեցինք, գոնե արդարություն կլինի: Մենք ինչքան այստեղ կանգնենք, մեր տունն ենք ուզում, ավել բան չենք ուզում»,- նշեց նա:










