Մենք դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարին, ԳԹԿ-ին և համապատասխան պաշտոնյաներին, որոնք պատշաճ կարգով մեզ չեն իրազեկել դիմումների լրացման կարգի մասին.բուհ չընդունված դիմորդի ծնող

14:05 • 23.07.20

Մենք ցանկանում էինք, որ վարչապետը ընդուներ, մոտիկից ներկայացնեիք խնդիրը և ինքը իր որոշումը կայացներ: Մեզ պատասխանեցին Կառավարությունից, որ չեն ընդունում, ես մտածում եմ, որ այս պահին այս հարցը լուրջ չեն համարում, որ մեզ ընդունեն. Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը:

«Ես չէի սպասում, որ վարչապետը չի ընդունի: Ես կարծում էի, որ վարչապետը գոնե մեկ հոգու կընդունի և խնդրի վերաբերյալ որոշում կկայացնի: Բայց, եթե ինքը տեղեկացված է, և մեզ թելադրում է գնանք ԿԳՄՍ, և ինքը գիտի, որ երեկ այնտեղ եղել ենք: Ժամանակին նախարարի սխալ քաղաքականության պատճառով, երիտասարդները պահանջում էին նրա հրաժարականը, մինչև ե՞րբ պարոն վարչապետ, հասկացանք, որ ձեր կողքով քայլել է, այստեղ այնքան մարդիկ կան, որ ձեր կողքով քայլել է, բայց այսօր ինչի՞ առաջ են կանգնել:

Եթե Արայիկ Հարությունյանը իր քայլերով չի նպաստում, որ կրթությունը զարգանա, այդ մարդը ոչ ազգանվեր գործ է անում, իրավունք չունի աշխատելու: Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,-նշեց Մասիս Բաբալյանը:

Նա նշեց, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք համագործակցում են իրավաբանական ընկերությունների հետ, իրենց աջակցությունն են հայտնել խնդիրը իրավական դաշտում բարձրացնելու համար.

 «Մենք դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարին և Գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց, որոնք պատշաճ կարգով մեզ չեն իրազեկել: Մենք դատի ենք տալու, որովհետև իրենք իրենց քայլերով մեր երեխաների սահմանադրական իրավունքը խախտել են, որի իրավունքը չունեին: Մենք նամակ կներկայացնենք ԿԳՄՍ նախարարություն,  կտանք վերջնաժամկետ, որովհետև այս խնդիրը պետք է լուծի ԿԳՄՍ նախարարությունը:

Եթե մարդիկ իրենց սխալը ընդունեն և ուղղեն, դատի չենք տա, բայց եթե իրենց սխալը չընդունեցին, մենք հաստատ դատի ենք տալու իրենց:

Նման նախարար չենք ուզում, Արայիկ Հարությունյանը իրավունք չունի ԿԳՄՍ նախարար լինելու, նա որերորդ անգամ իր գործողություններով ոչ ազգանվեր քայլեր է կատարում»,-նշեց նա:

Դիմորդները և ծնողները՝ «Պայքար- պայքար մինչև վերջ» վարկարկումներ անելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն:

Ոստիկանությունը ԿԳՄՍ նախարարություն շարժվող ակցիայի մասնակիցներին նշեցին, որ չպետք է քաղաքական հայտարարություններ անել և պետք է հավաքը դադարեցնել: