Կադիրովին քննադատած չեչեն բլոգերի սպանության մեղքն իրենց վրա են վերցրել նրա ազգականները (տեսանյութ)

13:03 • 23.07.20

Վիեննայից Անզոր կեղծանունով հայտնի չեչեն քաղաքական ներգաղթյալ, բլոգեր Մամիխան Ումարովի սպանության համար իրենց մեղավոր են ճանաչել նրա ազգականները, որոնք Չեչնիայի Մեսկեր Յուրթ գյուղից են: Այս մասին գրում է «Кавказ.Реалии»-ն:

Վիեննայում սպանված Չեչնիայի ղեկավարի քննադատի հարազատները տեսանյութ են նկարահանել, որում խոստովանել են հանցանքը:

«Մեր ցեղից շուն կար, որն ապրում էր Եվրոպայում` Մամիխան Ումարովը: Մինչև նրա հարցերը չլուծվեին, մենք չէինք կարող երևալ: Մենք փորձում էինք կապ հաստատել նրա հետ և կանգնեցնել նրան: Մենք փորձում էինք համոզել նրան դադարել, էլ չանել նման բան: Նա մեզ պատասխանում էր, որ Եվրոպայի հատուկ ծառայություններն իրեն հանգիստ չեն թողնում, և ինքը պետք է նրանց հրամանով ասի դա»,-չեչեներենով պատմել է Ումարովի մերձավոր ազգականը:

Նրա խոսքով` այդ ժամանակ «Ումարովի հարազատները հասկացել են, որ նրան պետք է կանգնեցնել ցանկացած միջոցով»:

«Մենք նրան կանգնեցրինք, որովհետև պետք է դա անեինք: Եվրոպայում շատ մարդիկ են ձերբակալվել, որոնք առանց պատճառի կասկածվում են սպանության համար: Ինչ-որ արվել է, մեր կողմից է արվել: Դա մենք պետք է անեինք: Մի տանջեք մարդկանց, հանգիստ թողեք»,-ասել է Ումարովի ազգականը:

Տեսաուղերձին միացել են սպանվածի հորեղբայր Վախա Ումարովը և քեռի Լոմ Ալի Ուսմանովը:

«Մենք հավաքվել ենք, որպեսզի դիմենք հանրապետության ժողովրդին և ղեկավարին և ներողություն խնդրենք: Ինչ վիրավորական բան նա ասել է, ասել է մեր դեմ»,-նշել են Ումարովի հարազատները:

Ավելի վաղ Ումարովի այրին` Զարեման հայտարարել էր, որ իր ամուսնու սպանության համար մեղավոր է Չեչնիայի ղեկավարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ավստրիայում ձերբակալվել է երկու չեչեն, որոնք կասկածվում են բլոգեր, Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Իչկերիայի Չեչենական Հանրապետություն» կազմավորման համակիր Մամիխան Ումարովի սպանության համար. սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին:

Ումարովը 43 տարեկան էր, քաղաքական ապաստան էր ստացել Ավստրիայում և ապրում էր Գերասֆորդ քաղաքում Մարտին Բ. անունով, վարում էր յութուբյան բլոգ: Իր բլոգում Ումարովը բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, նրա ընտանիքի, մասնավորապես մոր` Այմանի Կադիրովայի հասցեին: