«Բավականին բարդ ընթացք էր». ՌԴ վարչապետ Միշուստինը պատմել է, թե ինչպես է բուժվել կորոնավիրուսից
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պատմել է, թե ինչպես է բուժվել կորոնավիրուսից` նշելով, որ ապաքինման ընթացքը հեշտ չէր, հիվանդությունն ուղեկցվել է բարձր ջերմությամբ, սակայն բժիշկներն օգնել են իրեն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Россия 24 հեռուստաալիքին:
«Ապաքինման արագ ընթացքի մասին կասեմ, որ հեշտ չէր ընթացքը: Այո, ցավոք բարձր ջերմություն կար, բայց ինչ վերաբերում է «արագ բուժմանը», դա այդքան էլ այդպես չէ, բավականին բարդ ընթացք էր: Հենց սկսեցի ինձ լավ զգալ, բնականաբար, միանգամից վերադարձա աշխատանքային միջավայր»,-ասել է Միշուստինը` պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես եղավ, որ վարչապետն արագ ապաքինվեց կորոնավիրուսից:
Միշուստինը հավելել է, որ «վիրուսը պաշտոններին չի նայում», շատ վտանգավոր է և դեռևս անհայտ է, թե ինչպես է տեղի ունենում վարակումը:
«Ես չգիտեմ, թե ինչպես եմ վարակվել կորոնավիրուսով, լրիվ անկեղծ եմ ասում»,-ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ իր առողջացման գործում մեծ է եղել բժիշկների դերը:
«Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ նրանք անում են: Դա շատ բարդ աշխատանք է, այն մշտական փոխազդեցություն է հիվանդների հետ, նաև հոգեբանական փոխազդեցություն: Եվ Աստված տա, որ աշխարհում բժիշկներն աշխատեն այնպես, ինչպես աշխատում են մեր ռուս բժիշկները», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:










