Պոլտավայում պատանդառված ոստիկանության գնդապետն ազատ է արձակվել. հանցագործը թաքնվել է (լուսանկարներ)
Լուսանկարում Ռոման Սկրիպնիկն է
Ուկրաինական Պոլտավա քաղաքում ոստիկանության գնդապետին պատանդառած տղամարդը բաց է թողել պատանդին: Այս մասին տեղեկացնում է Суспільне-ն:
Գնդապետին պատանդառած տղամարդն Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը մասնակցած նախկին զինվորական Ռոման Սկրիպնիկն է:
Աղբյուրի տվյալներով՝ այժմ նա թաքնվում է Պոլտավայի մարզի անտառներից մեկում: Ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ուկրաինական Պոլտավա քաղաքում տղամարդը ոստիկանի է պատանդառել և սպառնացել է նռնակ պայթեցնել: Դեպքը տեղի է ունեցել Օստապ Վիշնյայի փողոցում` վարչական դատարանի հարևանությամբ, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել տղամարդուն մեքենայի առևանգման ժամանակ:
Հանցագործի հետ բանակցությունների ժամանակ ոստիկանության պատանդառված շարքային ծառայողին փոխանակել էին գնդապետ Վիտալի Շիյանի հետ: Հանցագործը պատանդի հետ դուրս էր եկել քաղաքից իրեն տրամադրված մեքենայով:












