Վրաստանում չպարզված հանգամանքներում վերջին սպանություններից հետո բողոքի ակցիա է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

02:56 • 23.07.20

Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ հուլիսի 22-ի երեկոյան բողոքի ակցիա է իրականացվել, որին մասնակցել են քաղաքացիական ակտիվիստներ: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ են գնացել ՆԳՆ շենքի մոտ՝ «Մի՛ սպանիր ինձ, քննի՛ր հանցագործությունը» գրությունով պաստառներով: Այսպես նրանք արձագանքել են չպարզված հանգամանքներում տեղի ունեցած վերջին 2 սպանություններին: Ակտիվիստներն իրենց զորակցությունն են հայտնել մահացած երիտասարդների ընտանիքներին և իրավապահ մարմիններից պահանջել են արդյունավետ հետաքննություն:

Ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. մասնակիցները փորձել են փակել ճանապարհը՝ երթևեկելի հատվածում պաստառ դնելով: Իրավապահները դա թույլ չեն տվել, ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել կամ էլ դուրս են բերվել տարածքից: «Սիրցխվիլիա» կազմակերպության ներկայացուցիչ Գիգի Մակարաշվիլիի տվյալներով՝ բերման է ենթարկվել ակցիայի 3 մասնակից:

Վերջին ժամանակներում Վրաստանում չպարզված հանգամանքներում մահացել են 2 երիտասարդներ՝ 19-ամյա ֆուտբոլիստ Գեորգի Շակարաշվիլին և 23-ամյա Թամար Բաչալիաշվիլին: