«Կադիրովին գեներալ-մայորի կոչում շնորհելը կապ չունի ամերիկյան պատժամիջոցների հետ». Պեսկով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ահաբեկչության դեմ պայքարում բազմիցս արդյունավետ գործելաոճ է ցույց տվել՝ անձամբ համակարգելով ուժայինների գործողությունները։ Դրանով է պայմանավորված նրան գեներալ-մայոր կոչում շնորհելը, լրագրողներին պատմել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass.ru-ն։
«Դուք գիտեք, որ Կադիրովն ինքն է համակարգում ուժայինների գործողությունները ահաբեկչական սպառնալիքի առաջացման դեպքում, բազմիցս արել է և ամեն անգամ բարձր արդյունավետություն է ցույց տվել։ Այսպիսով, իրավիճակը ֆորմալացվել է»,- մեկնաբանել է Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ դա ոչ մի կապ չունի Կադիրովի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետ և աջակցության միջոց չէ․ «Դա ոչ մի կապ չունի ամերիկյան պատժամիջոցների հետ։ Կադիրովը ամերիկյան ցանկացած անօրինական պատժամիջոցների ֆոնին լիովին ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել։
«Ես միշտ ասել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր նախագահի հավատարիմ հետևակայինն եմ և ցանկացած մայրցամաքում պատրաստ եմ կատարել նրա ցանկացած բարդության հրամանը: Դրա համար մենք ունենք ամեն ինչ՝ կամք, վճռականություն, լիակատար պատրաստվածություն, տեխնիկա և, որպեսզի ոչ ոք հարցեր չունենա, դաշնային կառույցների կողմից օրինականորեն տրամադրված զենք»,-հայտնել էր Չեչնիայի ղեկավարը։










