«Դա կեղծ տեղեկություն է, Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա». Գախարիան կեղծ է բնորոշել Վրաստանի տարածքով Սերբիայի կողմից Հայաստան զենք մատակարարելու մասին լուրը

15:28 • 24.07.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է ադրբեջանական իշխանամետ Haqqin.az կայքի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

Տեղեկությունն ադրբեջանական կայքը տարածել էր հուլիսի 20-ին:

Վրաստանի արտգործնախարարությունում տարածված տեղեկությունը որակել էին որպես «ապատեղեկատվություն` ուղղված երկու ռազմավարական գործընկեր երկրների հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելուն»:

Ավելի ուշ՝ հուլիսի 21-ին, Haqqin.az-ը որպես ապացույց բեռնատարի լուսանկար էր հրապարակել:

Գախարիան նշել է, որ այդ լուսանկարում «առանց ոչ մի բանի բեռնատար մեքենա է»:

«Ի՞նչ զենք»,-հարցրել է Գախարիան:

«Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Օրերս Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել էր, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին: Այդ մասին գրել էր eadaily.com-ը՝ սերբական Nova.rs պարբերականին հղումով։

Սերբական պարբերականը նշել էր, որ առևտրի գերատեսչության ղեկավարը Հայաստանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ մեկնաբանությունները հնչեցրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովն «իր ծայրահեղ հիասթափությունն էր հայտնել Հայաստան զենքի արտահանման կապակցությամբ»: Նա հայտարարել էր, որ Սերբիան մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարել հարևան երկիր, այդ թվում՝ ականանետեր, որոնք օգտագործվել են վերջին հակամարտության ժամանակ: