Թուրքիայում Հունաստանի իշխանություններին համեմատել են «քմահաճ երեխայի հետ, որը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ հիստերիայի մեջ է ընկել»

14:23 • 25.07.20

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը դատապարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ հունական իշխանությունների արձագանքը և Սալոնիկ քաղաքում կազմակերպված բողոքի ակցիան, որի մասնակիցներն այրել են թուրքական դրոշը, գրում է ria.ru-ն։

«Հունաստանը կրկին թշնամական վերաբերմունք է դրսևորել իսլամի և Թուրքիայի նկատմամբ՝ Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանն արձագանքելու պատրվակով։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ Հունաստանի կառավարությունը և խորհրդարանը սադրում են հասարակությանը և հրապարակայնորեն թույլ են տալիս Սալոնիկում այրել մեր փառավոր դրոշը»,- ասված է Աքսոյի հայտարարության մեջ:

Նա հունական իշխանություններին համեմատել է «քմահաճ երեխայի հետ, որը հիստերիայի մեջ է ընկել այն պատճառով, որ Սուրբ Սոֆիայում կրկին աղոթքի գորգեր են փռվել»։

Նրա խոսքով՝ «այդ ազգայնականները չեն կարողացել դասեր քաղել պատմությունից»։ 

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը ոչ թե Թուրքիայի ուժի դրսևորում է, այլ թուլության: Նրա խոսքով՝ Թուրքիան խախտում է անդորրը՝ «մարտահրավեր նետելով Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքներին և նման գործողությունների միջոցով վիրավորելով 21-րդ դարի մշակույթը»:

Ուրբաթ երեկոյան Սալոնիկում բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի կազմակերպիչներն այրել էին Թուրքիայի դրոշը։

Նշենք նաև, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում սգո զանգեր էին ղողանջել։