«Նախագահ Թրամփին վիրուսի փոխանցման վտանգ չկա»․ Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի օգնականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Սպիտակ տունը հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է The New York Times-ը։
«Օ'Բրայենը թեթև ախտանշաններ ունի և աշխատում է հեռակա»,-հայտնել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում:
«Նախագահին կամ փոխնախագահին վիրուսի փոխանցման վտանգ չի սպառնում։ Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդ որում պարբերականը նշում է, որ Օ'Բրայենը սովորաբար աշխատում է Սպիտակ տան արևմտյան թևի գրասենյակում՝ օվալաձև կաբինետից մի քանի քայլ հեռավորության վրա: Դեռևս հայտնի չէ, թե երբ է նա վերջին անգամ շփվել Թրամփի հետ, սակայն հայտնի է, որ հուլիսի 10-ին Ֆլորիդա ուղևորության ժամանակ վերջինս միացել է ԱՄՆ նախագահին:
Ավելի վաղ Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Օ'Բրայենը վարակվել է ընտանեկան միջոցառումից հետո։
Անցած շաբաթվա վերջից նա իր գրասենյակ չի գնացել, սակայն, ինչպես գործակալությանը հայտնել են զրուցակիցները, շարունակել է հեռակա կերպով կատարել իր աշխատանքային պարտականությունները։










