«Թեհրանը քայլեր կձեռնարկի, որոնք կստիպեն ԱՄՆ-ին զղջալ». Իրանն իր ուղևորատար ինքնաթիռին մոտեցած ամերիկյան կործանիչների գործողություններն «ահաբեկչական» է որակել

13:52 • 27.07.20

Թեհրանը քայլեր կձեռնարկի, որոնք կստիպեն ԱՄՆ-ին զղջալ նախորդ շաբաթ Սիրիայի օդային տարածքում կործանիչներով իրանական ինքնաթիռին մոտենալու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մուսավիի խոսքով` Սիրիայի և Լիբանանի օդային տարածքներում ամերիկյան ինքնաթիռների գործողությունները Mahan Air ընկերության ինքնաթիռի նկատմամբ վտանգավոր էին, նա դրանք անվանել է «ահաբեկչական» և միջազգային նորմերը խախտող:

«Արտգործնախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբի, դատական համակարգի և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աջակցությամբ, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որոնք ամերիկացիներին կստիպեն զղջալ իրենց արածի համար»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 23-ին Թեհրանից Բեյրութ ուղևորվող Mahat Air ավիաընկերության օդանավերից մեկին կտրուկ 2 կործանիչ է մոտեցել: Օդանավում եղել է 156 ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Ալ Թանաֆ շրջանի մոտակայքում։ Կործանիչների կողմից շրջապատվելու ժամանակ ինքնաթիռը, հնարավոր բախումից խուսափելու նպատակով, կտրուկ մանևրներ է կատարել, ինչի հետևանքով 3 ուղևոր, ինչպես նաև սպասարկող անձնակազմի անդամներ են տուժել: