«Մեր մերձավոր երկրին վարկաբեկելու ոչ մի նպատակ չունենք»․ Լուկաշենկոն մեկնաբանել է Բելառուսում ռուսաստանցիների ձերբակալությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է պարզել Մինսկի մերձակայքում ենթադրաբար ՌԴ քաղաքացիների ձերբակալության հետ կապված իրավիճակը՝ հայտարարելով, որ Մինսկը «մերձավոր երկրին վարկաբեկելու ոչ մի նպատակ չունի», գրում է ria.ru-ն։
Չորեքշաբթի երեկոյան Բելառուսի նախագահը շտապ խորհրդակցություն է հրավիրել երկրի անվտանգության խորհրդի անդամների հետ՝ «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամների ձերբակալության հետ կապված։
«Եթե մեղավոր են, պետք է արժանապատիվ դուրս գալ այս իրավիճակից։ Մեղավոր չեն, լավ է, մենք ոչ մի նպատակ չունենք վարկաբեկել մեր մերձավոր երկրին», -հայտնել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի: Հետագայում հաղորդվել էր, որ զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են։
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար ավելի քան 200 զինյալի` Բելառուս ժամանելու մասին: Ռուսաստանցիներից յուրաքանչյուրն ունեցել է ձեռքի ուղեբեռ, նրանց մոտ եղել է նաև 3 ճամպրուկ` նախատեսված բոլորի համար:
Լույս հուլիսի 25-ին, մայրաքաղաք ժամանելուն պես, խումբը տեղավորվել է Մինսկի հյուրանոցներից մեկում, որտեղից պետք է դուրս գար հուլիսի 25-ին, սակայն լքել է հյուրանոցը հուլիսի 27-ին և ուղևորվել է Մինսկի շրջանի առողջարաններից մեկը:
Առողջարանի ղեկավարության տվյալներով` եկվորներն ուշադրություն էին գրավում ռուս զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքով և միատեսակ զինվորական զգեստներով: Ալկոհոլ չէին օգտագործում, զվարճանքի վայրեր չէին այցելում և աշխատում էին ուշադրություն չգրավել իրենց վրա: Ուսումնասիրել են առողջարանի տարածքն ու շրջակայքը:
«Վագների խումբը» ոչ պաշտոնական ռազմական խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ հիշատակվում է որպես ռուսական ռազմական մասնավոր կազմակերպություն:










