Բելառուսում ձերբակալված զինյալները «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են. «Բելտա»
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մոտակայքում լույս հուլիսի 29-ին ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Այս մասին տեղեկացնում է «Բելտա» լրատվական գործակալությունը:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար ավելի քան 200 զինյալի` Բելառուս ժամանելու մասին: Ռուսաստանցիներից յուրաքանչյուրն ունեցել է ձեռքի ուղեբեռ, նրանց մոտ եղել է նաև 3 ճամպրուկ` նախատեսված բոլորի համար:
Լույս հուլիսի 25-ին, մայրաքաղաք ժամանելուն պես, խումբը տեղավորվել է Մինսկի հյուրանոցներից մեկում, որտեղից պետք է դուրս գար հուլիսի 25-ին, սակայն լքել է հյուրանոցը հուլիսի 27-ին և ուղևորվել է Մինսկի շրջանի առողջարաններից մեկը:
Առողջարանի ղեկավարության տվյալներով` եկվորներն ուշադրություն էին գրավում ռուս զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքով և միատեսակ զինվորական զգեստներով: Ալկոհոլ չէին օգտագործում, զվարճանքի վայրեր չէին այցելում և աշխատում էին ուշադրություն չգրավել իրենց վրա: Ուսումնասիրել են առողջարանի տարածքն ու շրջակայքը:
«Վագների խումբը» ոչ պաշտոնական ռազմական խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ հիշատակվում է որպես ռուսական ռազմական մասնավոր կազմակերպություն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի:










