Ռոհանին ամերիկյան ռազմաօդային ուժերի կործանիչների մոտենալն իրանական ինքնաթիռին բնորոշել է որպես «ավիաահաբեկչություն»
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողություններն իրանական ուղևորատար ինքնաթիռի նկատմամբ «ավիաահաբեկչություն» են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մի՞թե կարելի է միջազգային օդային միջանցքում թռչող ուղևորատար ինքնաթիռին, որում կան ծերեր, կանայք և երեխաներ, մոտենա կործանիչ` վախեցնելով նրանց: Կասկած չկա, սա ավիաահաբեկչություն է»,-ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:
Նա նաև կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հակազդել «ավիաահաբեկչությանը»` ընդգծելով, որ մերձարևելյան երկրները նույնպես պետք է չլռեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 23-ին Թեհրանից Բեյրութ ուղևորվող Mahan Air ավիաընկերության օդանավերից մեկին կտրուկ 2 կործանիչ է մոտեցել: Օդանավում եղել է 156 ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Ալ Թանաֆ շրջանի մոտակայքում։ Կործանիչների կողմից շրջապատվելու ժամանակ ինքնաթիռը, հնարավոր բախումից խուսափելու նպատակով, կտրուկ մանևրներ է կատարել, ինչի հետևանքով 3 ուղևոր, ինչպես նաև սպասարկող անձնակազմի անդամներ են տուժել:










