Մինսկն ուժեղացրել է հսկողությունը ռուս-բելառուսական սահմանին
Բելառուսի սահմանապահներն ուժեղացրել են պետական սահմանի օպերատիվ պաշտպանությունը, այդ թվում՝ ռուս-բելառուսական հատվածում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, հայտնել են հանրապետության պետական սահմանային հանձնաժողովից, գրում է eadaily.com-ը։
«Այսօր երկրի ղեկավարության հանձնարարականների կատարման շրջանակներում սահմանապահներն ուժեղացրել են պետական սահմանի օպերատիվ պաշտպանությունը, այդ թվում՝ ռուս-բելառուսական հատվածում»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հայտնել են, որ «բոլոր մակարդակներում՝ սահմանապահ ստորաբաժանումների հրամանատարներից մինչև սահմանապահ գերատեսչությունների ղեկավարներ, կազմակերպվել է փոխգործակցություն ուկրաինացի գործընկերների հետ»։
Բացի այդ, կոմիտեում ընդգծել են, որ «սահմանապահները պատրաստ են հակազդել հակաիրավական ցանկացած գործունեության, որը կարող է սպառնալիք հանդիսանալ սահմանապահ անվտանգությանը, և օպերատիվ կերպով արձագանքել իրադրության ցանկացած փոփոխություններին»։
Հիշեցնենք, որ ույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության տասնյակ զինյալների։
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:










