Բելառուսում 170 զինյալի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով

13:40 • 30.07.20

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը մեկնաբանել է ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալների ձերբակալությունը Բելառուսում` հայտարարելով, որ երկրի տարածքում գտնվել է շուրջ 200 զինյալ, մյուսների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս մասին գրում է tut.by կայքը:

Ռավկովը տեղեկացրել է, որ ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկրի քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի կետերից մեկի համաձայն, խոսքն ահաբեկչական գործողություն պատրաստելու մասին է:

Այս մասին Ռավկովը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երկրի նախագահի թեկնածուների առաջ ունեցած ելույթի ժամանակ: Նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը, որը ներկա է եղել հանդիպմանը, հայտարարել է, որ թեկնածուներին տեղեկացվել է երկրում 170 զինյալի առկայության մասին, որոնք տիրապետում են պայթեցնելու և դիպուկահարի գործողություններին, և վտանգը մեծ է հենց զանգվածային միջոցառումների ժամանակ:

Ռավկովը պատմել է նաև, որ ՌԴ Պսկով և Նեվել քաղաքների մոտակայքում հիմա էլ նման խմբեր են ձևավորվում:

Դմիտրիևը պատմել է, որ Ռավկովի խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք ցուցմունք են տվել առ այն, որ եկել են Բելառուս` հեղափոխություն անելու:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: