Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Բելառուսում ռուսաստանցիների ձերբակալության հետ կապված միջադեպը

19:34 • 31.07.20

Բելառուսում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հետ կապված միջադեպը մանրամասն քննարկվել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որը վարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է eadaily.com-ը։

«Հանգամանալից զրույց է տեղի ունեցել Բելառուսում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հետ կապված միջադեպի մասին»,- հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կրեմլում հույս են հայտնել, որ «մոտ ժամանակներս այդ իրավիճակում պարզություն կմտցվի, և անհիմն կերպով ձերբակալված ռուս քաղաքացիներն ազատ կարձակվեն»։

Հաղորդվում է նաև, որ տեսակապի միջոցով անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան սոցիալ-տնտեսական օրակարգի տարբեր հարցեր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:

Բելառուսում 170 զինյալի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով: