«Մեր քաղաքացիների ձերբակալությունն այնքան էլ դաշնակցային քայլ չէ». Կրեմլը` Մինսկին

16:01 • 31.07.20

Մոսկվան ակնկալում է, որ լույս հուլիսի 29-ին Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիները մոտ ժամանակներս ազատ կարձակվեն: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է eadaily.com կայքը:

Պեսկովի խոսքով`մինչ այժմ չի տրամադրվել տեղեկատվություն, որը կհիմնավորի ռուսաստանցիների ձերբակալությունը:

«Այդ իսկ պատճառով մենք հուսով ենք և նույնիսկ համոզված ենք, որ հնարավորինս շուտ մեր բելառուս գործընկերները կլուծեն այս հարցը և բաց կթողնեն Ռուսաստանի քաղաքացիներին: Այժմ մենք կարող ենք վստահորեն ասել, որ Ռուսաստանի այս քաղաքացիները ժամանել են Բելառուս տարանցիկ ճանապարհով, նրանք պետք է մեկնեին այլ երկիր, նրանց այնտեղ մնալը ոչ մի կապ չունի Բելառուսի կամ բելառուսական գործերի հետ: Նրանք իրենց մոտ ոչ մի ապօրինի բան չեն ունեցել և ոչ մի ապօրինի գործողություն չեն կատարել»,-ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը:

Պեսկովը բացատրել է, որ այդ մարդիկ մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցներ են, որոնք ուշացել էին ինքնաթիռից և սպասում էին դեպի Ստամբուլ հաջորդ չվերթին:

«Մենք շատ մտահոգված ենք, որ ձերբակալված ռուսներին հյուպատոսական հասանելիություն դեռ չի տրամադրվել, հուսով ենք, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: Իհարկե, Ռուսաստանի քաղաքացիների, ընդ որում` 33 քաղաքացու չհիմնավորված ձերբակալությունն այնքան էլ չի տեղավորվում դաշնակցային հարաբերությունների շրջանակում, սա միանշանակ է: Հենց այդ պատճառով մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ այս դեպքը կհարթվի մեր բելառուս դաշնակիցների կողմից և քաղաքացիներն ազատ կարձակվեն»,-ասել է Պեսկովը:

Նա տեղեկացրել է նաև, որ ՌԴ քաղաքացիների ձերբակալությունից հետո Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև կապ չի հաստատվել, բոլոր խորհրդակցություններն անցկացվել են Արտգործնախարարությունների և Մինսկում ՌԴ դեսպանատան խողովակներով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:

Բելառուսում 170 զինյալի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով: