Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիները հայտարարել են, որ իրենց ծրագրած ճամփորդության վերջնակետը Լատինական Ամերիկայի երկրներից մեկն է եղել

16:33 • 03.08.20

Բելառուսում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիները հայտարարել են, որ իրենց ծրագրած ճամփորդության վերջնակետը եղել է Լատինական Ամերիկայի երկրներից մեկը: Այս մասին տեղեկացրել է Մինսկում Ռուսաստանի հյուպատոս Կիրիլ Պլետնյովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Զրույցի ընթացքում նրանք տարակուսանք էին հայտնում իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Կցանկանայի առանձին նշել և ընդգծել, որ ձերբակալվածներից յուրաքանչյուրը ռուս դիվանագետներին հավաստիացրել է, որ հանրապետություն մուտք գործելու նպատակը հենց տարանցիկ ճանապարհն է եղել»,-ասել է հյուպատոսը «Россия 1» հեռուստաալիքի եթերում:

Հյուպատոսը հստակեցրել է, որ հուլիսի 25-ին ռուսաստանցիները Մինսկից պետք է մեկնեին Ստամբուլ, այնտեղից էլ` երրորդ երկիր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:

Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով: