Կիևի կենտրոնում բանկ պայթեցնել սպառնացող անձն Ուզբեկստանի քաղաքացի է․ Ուկրաինայի ՆԳՆ

15:28 • 03.08.20

Կիևի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկը մուտք գործած և դրանում տեղակայված բանկը պայթեցնելու մասին սպառնալիքներ հնչեցրած անձն Ուզբեկստանի քաղաքացի է, ուկրաինական ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։ 

«Արդեն գիտենք, որ նա ոչ թե Ուկրաինայի, այլ Ուզբեկստանի քաղաքացի է»,- նշել է Գերաշչենկոն և հավելել, որ չարագործն ուսապարկին հասնող թել է ամրացրել ոտքից և հայտարարում է, թե այն միանգամից պայթուցիկ սարքին է միացված։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, անհայտ անձն այսօր մուտք է գործել Կիևի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկն ու սպառնում է դրանում տեղակայված բանկը պայթեցնել:

Ոստիկանությունն այժմ բանակցություններ է վարում տղամարդու հետ: 

«Օգոստոսի 3-ին՝ ժամը 12։00-ին, «Ունիվերսալ Բանկ»-ի ներկայացուցիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց մասնաճյուղ մոտ 35 տարեկան անհայտ տղամարդ է մտել և հայտնելով, որ ուսապարկում ռումբ կա՝ խնդրել է ոստիկանություն զանգահարել»,-ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Գերաշչենկոն։

Բանկային հաստատության աշխատակիցները լքել են շենքը, իսկ բաժանմունքի ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է դեպքի վայրում։

Իրականացվել է հատուկ ոստիկանական «Ամպրոպ» գործողությունը։

«Ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ահաբեկչի հետ»,-գրել է Գերաշչենկոն։