Կիևի կենտրոնում բանկ պայթեցնել սպառնացող անձին ձերբակալել են․ պայթյուն տեղի չի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)
Կիևի բիզնես կենտրոններից մեկը մուտք գործած և դրանում տեղակայված բանկը պայթեցնելու մասին սպառնալիքներ հնչեցրած անձին հատուկջոկատայինները ձերբակալել են․ հատուկ գործողությունը հաջող է ընթացել, չարագործին մեքենա են նստեցրել և տարել դեպքի վայրից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ահաբեկչին ողջ են բռնել։ Պայթյուն տեղի չի ունեցել։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Այնուհետև դատ և երկար բանտային կալանք է սպասվում»,- ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Ուկրաինային ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն և հավելել, որ դատելով տղամարդու սոցկայքային ակտիվությունից՝ նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է գտնվում։
Հայտնի է, որ դեպքի առիթով «Ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Բանկում գտնվելու ժամանակ հանցագործը հարցազրույց է տվել լրագրողներին և պատմել, որ ավելի քան հինգ տարի Ուկրաինայում է ապրում։ Նրա՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում բաժանմունք են ներխուժել հատուկ ստորաբաժանման աշխատակիցները և ձերբակալել նրան։
Ականատեսների համաձայն՝ տղամարդը ներսում մոտ 40 000 գրիվնայի (մոտ 1440 դոլար) չափով գումար է պահանջել, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, անհայտ անձն այսօր մուտք է գործել Կիևի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկն ու սպառնացել է դրանում տեղակայված բանկը պայթեցնել:
«Օգոստոսի 3-ին՝ ժամը 12։00-ին, «Ունիվերսալ Բանկ»-ի ներկայացուցիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց մասնաճյուղ մոտ 35 տարեկան անհայտ տղամարդ է մտել և հայտնելով, որ ուսապարկում ռումբ կա՝ խնդրել է ոստիկանություն զանգահարել»,-ֆեյսբուքյան իր էջում հաղորդել էր Գերաշչենկոն։
Բանկային հաստատության աշխատակիցները լքել են շենքը, իսկ բաժանմունքի ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է դեպքի վայրում։
Ավելի ուշ հաղորդվել էր, որ տղամարդը ոչ թե Ուկրաինայի, այլ Ուզբեկստանի քաղաքացի է:
Իրականացվել է հատուկ ոստիկանական «Ամպրոպ» գործողությունը։














